1 Peter 2
1 Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծիք, նախանձ ու չարախոսություն,
2 իբրև նորածին երեխաներ՝ միշտ փափագո՛ղ եղեք բանական և անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար,
3 քանի որ արդեն ճաշակել եք, որ քաղցր է Տերը։
4 Մոտեցե՛ք նրան՝ կենդանի Վեմին, որը, թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծու առաջ ընտրյալ ու թանկագին է։
5 Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.
6 քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա» ։
7 Ուրեմն ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին վեմ, իսկ անհավատների համար՝ «Այն վեմը, որն անարգեցին շինողները, նա եղավ անկյունաքար» ։
8 Վեմ գլորման և վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։
9 Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։
10 Դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։
11 Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,
12 և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։
13 Հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության ի սեր Տիրոջ՝ թե՛ թագավորին, որպես գերագույն,
14 թե՛ կառավարիչներին, որպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ օրենքը պահողներին՝ գովելու.
15 որովհետև Աստծու կամքն այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտությունը։
16 Ապրե՛ք որպես ազատներ և ազատությունն իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրե՛ք որպես Աստծու ծառաներ։
17 Հարգե՛ք բոլորին, սիրե՛ք եղբայրությունը, վախեցե՛ք Աստծուց, պատվե՛ք թագավորներին։
18 Ծառանե՛ր, ամեն ինչում երկյուղով հնազա՛նդ եղեք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին,
19 քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի տանջվում է բարի խղճով.
20 քանզի ի՞նչ երախտիք հարվածները հանդուրժելու մեջ, եթե արդեն մեղք եք գործել։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ.
21 որովհետև հենց այդ բանի համար կոչվեցիք, քանզի Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք։
22 Նա «մեղք չգործեց, և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ» ։
23 Նախատվելով՝ նա չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդար դատավորին։
24 Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։
25 Մոլորյալ ոչխարների պես էիք, իսկ այժմ դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվը և Տեսուչը։